Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը դպրոցական ծրագրավորողների համար ուսումնական ստենդ է ստեղծել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ինստիտուտի մարքեթինգի բաժնի ղեկավար Աննա Մակարյանը նշեց, որ դրանով արդեն հետաքրքրվել են Հայաստանի մի շարք ձեռնարկություններ, ինչպես նաեւ պատվիրատուներ Ռուսաստանից:

Ստենդն իրենից ներկայացնում է կապիկ՝ շերիֆի աստղով եւ գլխարկով: Եթե աշակերտը հնարամիտ է, ապա կապիկը նույնպես կսկսի «մարդու պես» շարժվել. դրա համար հարկավոր է լավ ալգորիթմ ստեղծել:

«Համակարգը բաց է, կարելի է գրել ծրագրավորման տարբեր լեզուներով եւ հարթակներում. օրինակ՝ raspberry-ում կամ Arduino-ում»,- նշեց ինստիտուտի դիզայնի բաժնի ղեկավար Արամ Մանուկյանը:

Ռուսաստանում նույնպես ցանկանում են կապիկին սովորեցնել ցատկել (իսկ դպրոցականներին՝ ծրագրավորել): «Եկան մեզ մոտ, դիտեցին, շատ հավանեցին: Չգիտեմ՝ գուցե նման ստենդեր էլի կան: Բայց նրանք մերը հավանեցին: Ցանկանում են համագործակցել մեզ հետ»,- հավելեց Մակարյանը:

Նորույթը ցուցադրել են նաեւ Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնի տնօրենին: Ասել է՝ բեմի համար չեն (շատ մեխանիկական են), բայց չի կարողացել զերծ մնալ գովեստի խոսքերից: