Բhարատի ալմաստի բորսան (Bharat Diamond Bourse, BDB), որը Հնդկաստանի իշխանությունները ստեղծել են համարյա երկու տասնամյակում, հաջողությամբ սկսել է իր աշխատանքները 2010-ի հոկտեմբերի 17-ից։ Այդ մասին հաղորդում է «Ֆինմարկետ» գործակալությունը։
Հնդկաստանը, որն այս պահին աշխարհում առաջին տեղն է գրավում ալմաստների մշակման ծավալներով, այս միջոցով փորձում է վիճարկել Բելգիայի եւ Իսրայելի ավանդական առաջնությունը ալմաստների եւ ադամանդների առեւտրի ոլորտում։ Financial Times-ի տվյալներով՝ այսօր Հնդկաստանում է մշակվում համաշխարհային ալմաստների 90 տոկոսը։
Բհարատի բորսային համալիրը ունի 250 մլն դոլար արժողություն, կազմված է 8 աշտարակներից՝ յուրաքանչյուրը 9 հարկով եւ զբաղեցնում է մի քանի հարյուր հազար քմ տարածք։ Համալիրի տարածքում, ադամանդագործական ընկերությունների եւ թրեյդերների հետ համատեղ, կաշխատեն նաեւ բանկեր, մաքսատուն եւ այլ ծառայություններ։
Բորսայի նախագահ Անուտա Մեհտիի խոսքով՝ նախորդ ֆինանսական տարում, որն ավարտվել է մարտի 31-ին, Հնդկաստանն արտահանել է 18 մլրդ դոլարի ալմաստ, իսկ ալմաստի բորսայի բացումը թույլ կտա ավելացնել մատակարարումները միջազգային շուկաներին։ Ալմաստների եւ ադամանդների վաճառքը կազմում է Հնդկաստանի ընդհանուր արտահանման 16 տոկոսը։
Նշենք, որ ադամանդագործությունը Հայաստանի տնտեսությունում նույնպես կարեւոր դերակատարում ունի։ 2010 թ. առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 288 հազ. կարատ ադամանդ՝ 50 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Արտահանման կառուցվածքում ադամանդի արտահանումը զիջում է միայն պղնձի հանքաքարին եւ ֆեռոմոլիբդենին։




























