Մեր ինքնությունը խաթարող վտանգների առջեւ մենք պիտի կառչած մնանք մեր գոյության երեք ամրոցներին՝ եկեղեցի, ընտանիք եւ դպրոց: Այս մասին, հոկտեմբերի 5-ին, Կանադա կատարած իր այցելության ժամանակ, Մոնրեալի Սուրբ Հակոբ մայր եկեղեցում իր խոսում նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Նա «Հրաշափառ» շարականի երգեցողությամբ մուտք է գործել Սուրբ Հակոբ մայր եկեղեցի, որտեղ կանոնական աղոթք է կարդացել. Արարողությանը ներկա էին Ազգային կենտրոնական վարչության անդամները, Կանադայի Հայոց Թեմի Ազգային Վարչությունը, Թեմի եկեղեցիների հոգաբարձության եւ համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներն ու հոծ բազմություն։
Արամ Ա.-ն իր խոսքում կոչ է ուղղել մեր եկեղեցին, ընտանիքը եւ դպրոցը շինելու ժայռի վրա։ «Մեր ժողովրդի կյանքում սովորական երեւույթ չէ հայ եկեղեցու կողքին հայ դպրոց ունենալու իրողությունը։ Եկեղեցին ու դպրոցն իրենց առաքելության մեջ իրար լրացնում են, հարստացնում են, հզորացնում ու ամբողջացնում են։ Եվ թե՛ եկեղեցու, թե՛ դպրոցի սյունը՝ մեր գոյության սյունը, հայ ընտանիքն է։ Մենք այս երեք տները պիտի շինենք ու պահենք զորեղ ժայռի վրա։ Այսօր, մենք կոչված ենք ժայռի վրա շինված այս երեք տներին կառչած մնալ եւ մեր կյանքը կազմակերպել դրանց շուրջ»,- պատգամել է Արամ Ա. Կաթողիկոս։
Նշենք, որ նույն օրն առավոտյան, Արամ Ա-ն իր շքախմբի ու Մոնրեալի հայ համայնքի զանազան մարմինների ներկայացուցիչների ընկերակցությամբ, այցելել է Արամ եւ Պերճուհի Մարգարյան մանկամսուր, Սուրբ Հակոբ վարժարանի մանկապարտեզ, Սարաֆյան նախակրթարան եւ Բասդրմաճյան երկրորդական վարժարան, որտեղ ողջունել է աշակերտներին եւ հորդորել հայերեն խոսել, հայերեն ապրիլ եւ հայաբար զգալ։ «Հայ դպրոցը պարզ շէնք չէ։ Հայ դպրոցը ոգի է՝ մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց է։ Մենք ա՛յս ոգով ենք սնուցվում եւ շաղախվում հայ դպրոցում, որպոսզի հայաբար ապրինք»,-ասել է նա:




























