Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է, որ այլեւս չի անհանգստանում արհեստական ինտելեկտի եւ ռոբոտների առիթով: Այս մասին նա խոսել է Business Insider-ի հետ հարցազրույցում:
Ըստ Lenta-ի՝ Վոզնյակը նշել է, որ նախկինում ռոբոտներին լուրջ սպառնալիք էր համարում, քանի որ դրանք ներդրումը կարող է հանգեցնել աշխատատեղերի թվի կրճատման: Սակայն հիմա կարծում է, որ մեքենաներն ունակ չեն մարդու նման խելացի դառնալ եւ փոխարինել նրան:
«Ես դիրքորոշումս փոխեցի բազմաթիվ պատճառներով: Մեքենաները չեն կարող օգտագործել բնազդն ու կանխագուշակել իմ գործողությունները: Եթե անգամ ռոբոտները կարողանան ազատորեն մտածել, նրանք կկարողանան միայն մարդկանց գործընկերը դառնալ»,- ամփոփել է Վոզնյակը:
Սթիվ Վոզնյակը ստեղծել է առաջին Apple համակարգիչն ու Սթիվ Ջոբսի հետ միասին դարձել կորպորացիայի համահիմնադիրը: 1985 թվականին նա հեռացել է ընկերությունից, սկսել IT ոլորտում ներդրումներ անել եւ սեփական ընկերությունները բացել:




























