2017 թվականի փետրվարին 10-15 հայկական ՏՏ ընկերություն Մեծ Բրիտանիայում կհանդիպի պոտենցիալ գործընկերների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է բիզնեսի աջակցության BSC ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանը Երեւանում կայացած DigiTec Expo 2016 ցուցահանդեսի ժամանակ: Բիզնես այցելությունը կկայանա մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության (UITE) աջակցությամբ:

Դեռեւս հայկական ընկերությունները չեն փորձել պատվերներ ստանալ Բրիտանիայից: Տեղական բիզնեսն էլ հիմնականում պահպանողական է՝ նախընտրելով փորձած հնդկական ընկերությունները: «Սակայն որոշ ժամանակ է՝ նրանք սկսել են այլ երկրներում  այլընտրանք փնտրել: Այդ պատճառով հիմա հայկական ընկերությունները կարող են իրենց վրա ուշադրություն հրավիրել»,- նշեց  Գեւորգյանը:

Հանդիպումները կկազմակերպվեն պոտենցիալ ներդրողների 4 խմբերի հետ: Առաջինը բրիտանական ՏՏ միություններն են, երկրորդը՝ բրիտանական ՏՏ ոլորտին եւ արտաքին կապերին աջակցող պետհաստատությունները, երրորդը՝ օտարերկրյա պատվիրատուները, իսկ չորրորդը՝ ՏՏ ոլորտի խորհրդատվական ընկերությունները, որոնք կօգնեն հայկական ընկերություններին կապ հաստատել բրիտանացի գործընկերների հետ:

Բրիտանիային ծանոթանալու գործընթացը դեռ առջեւում է, սակայն նորեկներին զեղչեր չեն արվի: Տեղերում պետք է կամ համաձայնության գալ կամ սկսել բանակցությունները: Իսկ քանի որ բրիտանացիների հետ աշխատելիս մանրուքներ չեն լինում, հայկական ընկերություններին բանակցություններ վարելու հարցում կօգնեն բրիտանական չափանիշներով բիզնես մոդել մշակելու գիտելիքներով:

«Ընկերությունը մենք կընտրենք այն բանի հիման վրա, թե ինչպիսի նախագծեր են նրանք իրականացնում, ինչ  հաճախորդներ ունեն եւ ինչ հեղինակություն: Ավելի շատ ուշադրություն կդարձնենք փոքր ընկերություններին, սակայն ոչ մեկի համար սահմանափակումներ չենք դնի»,- նշել է Գեւորգյանը:

Հայաստանի ՏՏ ոլորտի մասին ավելի շատ տեղեկություն տարածելու  նպատակով դեսպանատունը DigiTec էր բերել բրիտանական լրատվամիջոցների լրագրողների: