Ժողովրդավարության հարցերը, նրա առջեւ ծառացած գլոբալ մարտահրավերները, նաեւ ժողովրդավարական հանրության ստեղծման ուղիներն են քննարկել հոկտեմբերի 19-ին Երեւանում  Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն հանուն ապագայի» ֆորումի մասնակիցները:

Բացելով ֆորումը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, թե այդ ֆորումի անցկացումը Երեւանում մեծ պատիվ է Հայաստանի համար, բայց շատ կարեւոր է հանրապետության պատրաստակամությունը նման ներկայացուցչական միջոցառում կազմակերպելը: Նախարարն ընդգծել է, թե ԵԽ-ն աշխարհում ժողովրդավարական արժեքների հաստատման դրոշակակիրներից է: «Այդ համատեքստում ես հուսով եմ, որ Երեւանում ընթացող ֆորումը կնպաստի այդ նպատակներին հասնելուն»,- ասել  նախարարը: Նա նշել է, թե Հայաստանն ակնդետ հետեւում է ժողովրդավարացման գլոբալ գործընթացներին եւ ազնվորեն կատարում է ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունները:

Իր հերթին ԵԽ նախարարների խորհրդում նախագահող Մակեդոնիայի փոխարտգործնախարար Զորան Պետրովն ասել է, թե փոփոխվող աշխարհում Եվրոպան պետք է պատրաստ լինի նոր մարտահրավերներին դիմակայելուն, որոնք ազդում են ժողովրդավարության որակի վրա: «Ժողովրդավարությունը ոչ միայն կառավարման ձեւ է, այլեւ արժեքների համակարգ»,- ասել է նա:

ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի անունից հանդես եկող Ջոն Պրեսկոտը հայտարարել է, թե ժողովրդավարությունը կառավարման վատագույն ձեւն է, բայց մնացածներն ավելի վատ են: Ըստ Պրեսկոտի, ժողովրդավարության պակասը հանգեցնում է ռասիզիմ, քսենոֆոբիայի, ծայրահեղականության իսլամոֆոբիայի:

Նշենք, որ ԵԽ ֆորումն ընթանում էր ընդդիմության ակտիվիստների բողոքի գործողությունների ֆոնին: