Վրաց-ադրբեջանական համադաշնության հնարավոր ստեղծումը չպետք է Արեւմուտքի նախագիծ համարել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ «Վրաստան-Ադրբեջան» համադաշնություն. մարտահրավերնե՞ր, թե հնարավորություններ» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ։

«Այն միավորումները, որոնք ստեղծվել են Արեւմուտքի ձեռքերով, ձախողվել են։ Արեւմուտքին  ձեռնտու չէ երկրների միավորումը, մանավանդ այնպիսի պայթյունավտանգ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է» ,- նշեց նա։

Նրա խոսքով, այս դեպքում Հայաստանին շրջանցել ոչ մի կերպ հնարավոր չէ։

Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ներկայացուցիչ Սոյուն Սադիկովը նշեց, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միավորումն ավելի շուտ տնտեսական եւ ոչ թե քաղաքական կլինի։

Նրա խոսքով, Վրաստանն Ադրբեջանին հետաքրքիր է որպես Եվրոպա դուրս բերող ամենակարճ ճանապարհ, իսկ Վրաստանն Ադրբեջանը դիտում է իբրեւ ելք արաբական երկրներ։

«Լավ կլիներ, եթե Հայաստանը եւս միանար այդ միությանը»,- ասաց նա։ Նա ընդգծեց, որ դա Հայաստանի համար անհրաժեշտություն է։ «Ես եղել եմ Հայաստանում, տներն այնտեղ քանդված են, լույս չկա։ Հայաստանյան հասարակությունն ինքն է մեղավոր դրանում, քանի դեռ նրանք սատարեն «անջատողականությանը», այսպես էլ կշարունակվի»,- ասաց նա։