ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը NEWS.am–ի հետ զրույցում պնդեց, որ իրենք ունեն փաստեր, որ Վանաձորում ավագանու ԲՀԿ–ական երեք անդամները քվեարկել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին։

«Մենք մեր սկզբունքներին հավատարիմ պաշտպանել ենք Քրիստ Մարուքյանի թեկնածությունը եւ դրա փաստերն էլ ունենք։ Պարոն Մարուքյանի ներկայացուցիչն էլ շատ լավ գիտի այդ ամենի մասին, թող ՀՀԿ–ին կողմ քվեարկողներին փնտրեն այլ վայրում։ Եթե հաստատել ենք միասնական ուժերով պաշտպանել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը, մեր պայմանավորվածությունը պահել ենք։ Այն անձինք, ովքեր որ իրենց ստոր ձեւով դրսեւորեցին, իրենց խղճի,վանաձորցու առջեւ պատասխանատու են։ Ուշ թե շուտ ջրի երես է դուրս գալու իրականությունը եւ ամոթով են մնալու»,–ասաց պատգամավորը։

Թե ովքեր են ընդդիմադիր ճակատից քվեարկել իշխանության թեկնածուի օգտին, ԲՀԿ–ական պատգամավորը չի հայտարարում կասկածների մասին։

«Դուք տեսաք՝ ի սկզբանե ինչ մթնոլորտ ստեղծվեց, ճնշումներ եղան, սակայն դրանք մեզ համար խոչընդոտ չեղան, որ ներքին ապահովության համար մենք ֆիքսենք մեր փաստերը, որոնք ըստ անհրաժեշտության կհրապարակենք»։ 

Թե ինչ փաստերի մասին է խոսքը, պատգամավորը չասաց։ Հավանաբար նկատի ուներ քվեաթերթիկները լուսանկարելը, ինչի մասին ավելի վաղ գրել էինք։ Հղում անելով մեր աղբյուրներին՝ գրել էինք, որ կլինեն մարդիկ, որոնք իրենց քվեաթերթիկը կլուսանկարեն հուշագրին հավատարմությունն ապացուցելու համար։ Մասնավորապես նման հրահանգ էին ստացել ԲՀԿ–ականները։

Նշենք, որ Քրիստ Մարուքյանի շուրջը «համախմբված» ՕԵԿ–ի ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանն այսօր հայտարարել է՝ ովքեր շեղվել են ստորագրած հուշագրից, անբարոյականներ են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ավագանի նիստում այսօր քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 33 քվեներից 19-ը, իսկ նրա մրցակից, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն ստացել է 14 կողմ ձայն:

Սա հատկանշական է նրանով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ հուշագիր էին ստորագրել, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Այդ երեք ուժերը միասին ստացել են Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։

Փաստորեն Վանաձորի ավագանիում ոչ իշխանակում ուժերը ներկայացնող ավագանիներից ոչ բոլորն են քվեարկել ըստ ձեռք բերված պայմանավորվածության: Նրանցից 4-ը քվեարկել է ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, որի արդյունքում քաղաքապետ է դարձել Մամիկոն Ասլանյանը:

Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ՀՀԿ-ն ճնշումներ է իրականացնում ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք քվեարկեն իրենց թեկնածուի օգտին: