«Ժառանգություն» խմբակցության հեղինակած Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծին կողմ չքվեարկելու ցանկությունը Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը պատճառաբանում է նրանով, որ դա կարող է վնասել բանակցությունների ԵԱՀԿ-ի Միսնկի խմբի շրջանակներում, բայց այդ փաստաթղթի մերժումը խորհրդարանական քվեարկությունների ժամանակ կրկնակի վնաս կհասցնի գործընթացին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:
«Այդ փաստաթղթի մերժումը խորհրդարանի կողմից անուղղելի վնաս կհասցի նաեւ Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: Ողջ աշխարհը չի զննելու, թե ինչու եւ ինչ պատճառներով Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը մերժեց փաստաթուղթը, աշխարհը միայն կարձանագրի, որ ՀՀ Ազգային Ժողովը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի անկախության դեմ»,- հայտարարեց Ռուստամյանը: Նա նաեւ իր տարակուսանքը հայտնեց ինչպես «Ժառանգություն» կուսակցության համառության առնչությամբ, որ վերջինս քվեարկության է դնում փաստաթուղթը, այնպես էլ խորհրդարանական մեծամասնության հետ կապված, որ վերջինս չի ցանկանում որեւէ համաձայնության գալ այդ հարցի շուրջ:
«Վերջիվերջո կարելի էր ընդունել ՀՅԴ-ի առաջարկը փաստաթուղթը մեծ օրակարգում ընդգրկելու մասին`բոլոր քաղաքական ուժերի ստորագրությամբ: Մի՞թե խորհրդարանական մեծամասնությունն ու «Ժառանգությունը» չեն հասկանում, որ քվեարկության ժամանակ փաստաթղթի ձախողումը կդնի հայկական կողմին շատ անհարմար դրության մեջ»,- ասաց Ռուստամյանն, ընդգծելով, որ ՀՅԴ փորձել է հանդիսանալ որպես «միջնորդ» խորհրդարանական մեծամասնության եւ «Ժառանգություն» կուսակցության միջեւ, սակայն, փոխադարձ զիջումների հասնել չի հաջողվել:
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է օրենքի նախագիծը քվեարկության դնել խորհրդարանի առաջիկա քառօրյայում: ՀՅԴ-ն հայտարարել է, որ այդ դեպքում իրենք «կողմ» կքվեարկեն նախագծին: Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստացել է, որ քվեարկության ժամանակ ՀՀԿ կվարվի շատ էֆեկտիվ կերպով, սակայն չի մանրամասնել այդ էֆեկտների մասին:




























