Այսօր` հոկտեմբերի 19-ին Օդինցովոյի քաղաքային դատարանը մտադիր էր քննության առնել Ալեքսանդր Լուժկովի` Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի որդու բողոքը: Նա վիճարկում է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից գրված տուգանքը, գրում է GZT.ru-ն, սակայն հենց ինքն էլ չէր ներկայացրել դատարան` չներկայացնելով որեւէ խելամիտ պատճառաբանություն:
Ինչպես «ՌԻԱ նովոստիին» հայտնել են Մոսկվայի մարզային դատարանի մամուլի ծառայությունից, ճանապարհային ոստիկանությունը պարտադրել է Լուժկովի որդուն վճարել հազար ռուբլի (շուրջ 33 դոլար)` արագությունը գերազանցելու համար:
Կրտսեր Լուժկովին կանգնեցրել են սեպտեմբերի 2-ին` Ռուբլյովո-Ուսպենսկի մայրուղում, որտեղ նա սլանում էր 120 կմ/ժամ արագությամբ, այնինչ թույլատրված է միայն 60 կմ/ժամ:
Հատկանշական է, որ այս պատմությունը հրապարակայնացվել է միայն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից ազատեց «Շումախերի» հորը:
Ալեքսանդր Լուժկովը Յուրի Լուժկովի երկրորդ որդին է իր առաջին ամուսնությունից` Մարինա Բաշիլովայի հետ: Ալեքսանդրն ակտիվորեն մասնակցել է ընտանեկան բիզնեսին: Մասնավորապես, գլխավորել է «Մոսկվա-ռեկա» առեւտրային կենտրոնը, որը պատկանում է իր մայրացուին` Ելենա Բատուրինային:





























