Հետազոտական ինստիտուտներից մի խումբ գիտնականներ՝ BoldlyGo (ԱՄՆ) մասնավոր ինստիտուտի ղեկավարությամբ հայտնել են, որ ծրագրում են ուղեծիր ուղարկել իր տեսակի մեջ առաջին մասնավոր հեռադիտակը, որի միակ նպատակն է լինելու որոնել ու լուսանկարել Փրոքսիմա Կենտավրոսի (Արեւին ամենամոտ գտնվող աստղը, որը մեզնից ընդամենը չորս լուսային տարվա հեռավորության վրա է) կողքին գտնվող մոլորակը։ Այս մասին հայտնել է New York Times–ը։ Դեռ օգոստոսին հայտնել էին, որ այս աստղի կողքին Երկրին նման մոլորակ է հայտնաբերվել։
Ինստիտուտի տնօրեն Ջոն Մորսի խոսքով նախագիծը 25-30 մլն դոլարի ծախս է պահանջելու, գումարի մի մասը ծրագրում են հավաքել քրաուդֆանդինգի միջոցով։
Եթե գիտնականներին հաջողվի ստանալ մոլորակի հստակ պատկերը, նրանք կփորձեն տարբերակել որոշակի տարրերի՝ օրինակ թթվածնի սպեկտրալ գծերը, ինչը կարող է վկայել մոլորակի վրա օրգանիզմների առկայության մասին։Հեռադիտակի ստեղծման համար մոտ երեք տարի կպահանջվի, իսկ ուղեծրում այն պետք է մնա երկու տարի։




























