Չինաստանի բնակիչը պատմել է, որ iPhone 7–ը պայթել է իր ձեռքերում՝ հենց դեմքի առաջ, երբ ինքը հեռախոսով ինչ-որ բան էր տեսագրում։
Ապակու բեկորը վնասել էր տղամարդու դեմքը ու մատը։ Նա պատմել է, որ արդեն դիմել է Apple-ի աջակցության ծառայություն, որտեղ նրան ընդամենը խորհուրդ են տվել կապվել Apple–ի գլխավոր գրասենյակի հետ։
Սմարթֆոնի տերը մտադիր է վնասի փոխհատուցում պահանջել, վստահեցնելով, որ ինքն օգտագործել է լիցքավորման օրիգինալ ադապտեր, սակայն հրաժարվելով ասել, թե որտեղից է ձեռք բերել iPhone 7։ Հիմա հետաքննում են միջադեպի բոլոր հանգամանքները, հայտնում է т Gizmochina–ն։
Սա iPhone 7–ի ինքնաբռնկման արդեն երկրորդ դեպքն է։ Սեպտեմբերի վերջին iPhone 7–ի օգտատերերից մեկը պատմել էր, որ իր սմարթֆոնը պայթել էր, երբ ինքը գնելուց հետո այն տուն է բերել ու բացել տուփը։
Հիշեցնենք, որ սմարթֆոնների ինքնահրկիզման ու պայթյունների դեպքերի առնչությամբ Samsung ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է Galaxy Note 7-ի արտադրությունն ու վաճառքը։ Ըստ վերլուծաբանների տվյալների՝ Samsung-ը 17 մլրդ դոլար է կորցրել՝ սարքից գնորդների դժգոհությունների պատճառով։




























