Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 19-ին ընդունել է Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչին: Նախարար Յերեմիչը Հայաստանում է գտնվում Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Սերբիայի հետ հարաբերությունների զարգացումը: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր կլինի մոտ ապագայում ձեւավորել անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ, ամրապնդել մշակութային կապերը, աջակցել գործարար համայնքի ներկայացուցիչներին` միմյանց հետ ակտիվ շփվելու եւ համագործակցության հնարավորություններ քննարկելու: Այդ ամենը, նախագահի խոսքով, կնպաստի նաեւ քաղաքական երկխոսության զարգացմանը:
«Անցյալ տարի Սերբիայի Նախագահ պարոն Բորիս Տադիչի Հայաստան այցելության ժամանակ մեր երկկողմ հարցերը քննարկելու լավ առիթ ունեցանք: Ուրախ եմ, որ հիմա էլ համակարծիք ենք, որ ճիշտ չէ միայն պատմական բարեկամությամբ ապրելը: Անհրաժեշտ է բարեկամության այդ հիմքի վրա զարգացնել հայ-սերբական հարաբերությունները»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Սերբիայի արտաքին գործերի նախարարն ընդգծելով, որ ոչ բոլորն ունեն հարաբերությունների այնպիսի փառավոր անցյալ, ինչպիսին`Հայաստանն ու Սերբիան, նշել է, թե համաձայն է նախագահ Սարգսյանի հետ եւ նույնքան վստահ է, որ երկու երկրները պարտավորություն ունեն ապագա կառուցելու, այլ ոչ թե խոսելու միայն անցյալի մասին:




























