«Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը, ով գտնվում է Բաքվի հետաքննության մեկուսարանում, հոկտեմբերի 19-ին հացադուլ է սկսել:
Լրագրողը պահանջում է կատարել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը: Ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ լրագրողն ազատ չի արձակվել:
Նշենք, որ մի քանի օր առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վերջնական որոշում է կայացրել` կապված Էյնուլա Ֆաթուլաեւն ընդդեմ Ադրբեջանի հայցի հետ: Որոշման համաձայն, Ֆաթուլաեւը պետք է ազատ արձակվի եւ ստանա 28 հազար եվրո փոխհատուցում: Սակայն Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ ձգտում են չկատարել Եվրոպական դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը դեռ այս տարվա ապրիլին որոշել է, որ Ֆաթուլաեւին պետք է ազատ արձակել եւ 28 հազար եվրո փոխհատուցում վճարել: Անցած շաբաթ Եվրադատարանի Մեծ պալատը հաստատել է այդ որոշումը, անհիմն համարելով Էյնուլա Ֆաթուլաեւին ներկայացված մեղադրանքները տեռորիզմի, ազգային եւ կրոնական պառակտում մտցնելու, եւ հարկերից խուսափելու մեջ: Այդ մեղադրանքներով, 2007-2008 թվականներին Ֆաթուլաեւն, ընդհանուր առմամբ, դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման: Ադրբեջանի կառավարությունը փորձել է բողոքարկել Եվրադատարանի որոշումը, բայց տանուլ է տվել:
Ընթացիկ տարվա հուլիսին Ֆաթուլաեւը թմրանյութերի գործով դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման: Մինչդեռ նա պնդում է, որ անմեղ է եւ իրեն ուղղված բոլոր մեղադրանքներն անհիմն են:




























