Իրանից Հայաստան նոր գազատարի մտահղացումը բազմաթիվ բարդություններ է պարունակում։ Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական ռեսուրսների փոխնախարար Արեգ Գալստյանը։
Շատ կարեւոր է՝ արդյոք Իրանը շահագրգռված է ավելի շատ գազ տալ եւ թե ինչ քանակության գազ է գնելու վերջնական գնորդը։ «Այս բոլորը հարցեր են, որոնց շուրջ մենք չենք բանակցել։ Կտեսնենք, թե ինչ են ուզում հնարավոր ներդրողները ու որքանով են նրանց ծրագրերը իրագործելի»,- ասել է փոխնախարարը։
Նշենք, որ օրերս Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը հայտնել էր, որ մտադիր է 100 մլն դոլարի ներդրում ապահովել «Նաիրիտ» քիմիական գործարանի (որը ԽՍՀՄ-ում խոշորագույն քիմիական գործարանն էր) արտադրության վերականգնման նպատակով։ Ներդրողների խոսքով իրենք մտադիր են նաեւ գազատար կառուցել, որպեսզի կաուչուկի արտադրության համար ացետիլին ստանան։
Նկատենք, որ Իրան- Հայաստան գործող գազատարը թերծանրաբեռնված է։ Այն հաշվարկված է տարեկան 2․2 մլրդ խորանարդ մետր գազի համար, սակայն այսօր դրանով ընդամենը 365-370 մլն է մատակարարվում՝ Երեւանյան ՋԷԿ-ի աշխատանքի համար։ Հայաստանում նախատեսվում է երկու նոր ջերմային էլեկտրակայանների շինարարություն՝ յուաքանչյուրը 234 ՄՎտ հզորությամբ։ Բայց նույնիսկ այդ դեպքում 1 մլրդ խորանարդ մետր թողունակությունը հեռանկարում ազատ է մնում։



























