«ArmHiTec» միջազգային համաժողովը բոլոր նախադրյալներն ունի՝ զինված ուժերի շահերից բխող գաղափարների եւ մշակումների քննարկման, այս արդյունաբերության հիմնական ճյուղերի զարգացման միտումները սահմանելու, դրանց զարգացմանը նոր խթան հաղորդելու նպատակով հեղինակավոր հարթակի վերածվելու համար: Երեւանում սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով՝ համաշխարհային շուկայում ճանաչված եւ մարտական պայմաններում ստուգված սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի շարքում պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում ավելի ու ավելի ակտիվ դիրքեր են զբաղեցնում նորարարական մշակումները, որոնք թույլ են տալիս փոխել մարտական գործողություններ վարելու մեթոդները եւ նորովի լուծել Զինված ուժերի խնդիրները: «Ներկայում Հայաստանը բավական ներուժ ունի՝ բարձր տեխնոլոգիաները պաշտպանական ոլորտի նորագույն մշակումները կիրառելու եւ ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար»,- ասել է նախարարը:

Նա հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կնպաստի միջազգային քաղաքական եւ տնտեսական համագործակցության աշխարհագրության ընդլայնմանը եւ միջոցառման մասնակից պետությունների ռազմական արդյունաբերության ներուժի զարգացմանը:

«Հայաստանի ռազմական արդյունաբերությունը բոլոր հնարավորություններն ունի՝ նորարարությունների եւ համապետական մակարդակով բարձր տեխնոլոգիաների ոլորտում տնտեսության զարգացման կատալիզատոր դառնալու համար»,- նշել է Սարգսյանը: