Հարկային օրենսգիրքը չի չեղարկի ՏՏ ոլորտի համար արտոնությունները։ Այս մասին հոկտեմբերի 13-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը։

«ՀՕ–ն ուժի մեջ է մտնում 2018-ից, բայց դրա անցումային դրույթների համաձայն՝ այն չի չեղարկում արտոնությունները, որոնք սահմանվել էին ավելի վաղ»,- ասել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ ՏՏ ընկերությունների մենեջերները բարձրացնում են մեկ այլ հարց, այն է՝ բարձր եկամտահարկը։ Նրանց խոսքով՝ մտավախություն է առաջանում, որ լավ մասնագետները կարող են մեկնել արտասահման։ Այստեղ իրոք խնդիր կա, մենք դա կքննարկենք»,– ասել է Թարասյանը։

Նշենք, որ ՀՕ առաջին նախագծով 1 մլն դրամ եւ ավելի աշխատավարձի դեպքում եկամտահարկը կազմում էր 33 տոկոս։ Ներկայումս պլանավորվում է այն բարձրացնել մինչեւ 36 տոկոս, սակայն 2 մլն դրամից բարձր աշխատավարձի դեպքում։ Իսկ 1-2 մլն դրամ աշխատավարձ ստացողների հարկը կնվազի մինչեւ 28 տոկոս։