Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 4 երեխաներից երկուսը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաեւան ասել է «Ռիա Նովոստի» գործակալությանը:
Նշենք, որ ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկության՝ տուժած 4 երեխաներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Վլադիկավկազի վարչակազմից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել Ռոստով-Երեւան երթուղու ավտոբուսի մասնակցությամբ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, ավտովթարից տուժել է 32 մարդ, մահացել է 5-ը: Տուժածների թվում 4-ը երեխաներ են:
Վլադիկավկազ քաղաքի վարչակազմից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածների մի մեծ մասը դուրս է գրվել, այս պահին քաղաի հիվանդանոցներում կա 9 մարդ: Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով այսօր կտեղափոխվեն Երեւան:
Նշենք, որ Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ կտեղավորեն այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Երեւան ուղեւորվող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: ուժել է 32 մարդ, 5 մահացածների մեջ են նաեւ երկու վարորդները:











