Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել, որտեղ ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից, դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված օրինագծում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի հաստատումը:

Այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաեւ՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. «Քաղաքացիություն եւ ազատություն» օրենքի բարեփոխված տարբերակին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: