Հոկտեմբերի 19-ին Ղրիմում` ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ, Հայաստանի պաշտպանության նախարար Ս. Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ ձևաչափով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քննարկումներ է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխաիլ Եժելի հետ: Նախարարներն անդրադարձել են երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված հարաբերություններին, դրանց ծավալման եւ ակտիվացման ուղիներին: Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության 2011թ. պլանը, որի կարեւոր միջոցառումներից են ռազմավարական և օպերատիվ պլանավորման խորհրդակցությունները, համագործակցությունը ինժեներական եւ ռազմակրթական ոլորտներում:




























