Դեպի Միջազգային տիեզերակայան Dragon բեռնատար տիեզերանավերի առաջին կրկնակի թռիչքը կարող է կայանալ արդեն 2017 թվականի սկզբին: Այս մասին հաղորդում է Spacenews-ը՝ վկայակոչելով SpaceX ընկերության ներկայացուցիչ Բենջամին Ռիդին:

NASA-ի հետ կնքված պայմանագրի համաձայն, յուրաքանչյուր թռիչք պետք է իրականացվի նոր բեռնատար տիեզերանավով՝ չնայած ի սկզբանե Dragon-ը մշակվել է բազմակի օգտագործման համար:

Life.ru-ի հաղորդմամբ՝ Բենջամին Ռիդը նշել է, որ տիեզերանավի կրկնակի օգտագործման համար ամենաբարդ խնդիրն օվկիանոսի վրա վայրէջք կատարելիս պարկուճի ներս աղի ջրի հոսքն է եղել: «Մենք շատ ենք աշխատել պարկուճը կատարելագործելու ուղղությամբ, որպեսզի կարողանանք չմտահոգվել այդ խնդրի մասին»,- ասել է Ռիդը:

SpaceX-ը ծրագրում է բեռնատար տիեզերանավերն օգտագործել մինչեւ NASA-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտը: Դրա շրջանակում ծրագրվում է 20 թռիչք իրականացնել: