ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, այցելել է սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդես: Այն անցկացվում է հոկտեմբերի 13-15-ը, «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա եւ նպատակ ունի ներկայացնել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, նաեւ նպաստել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

«ԱրմՀայՏեք-2016» ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր եւ այլն:

Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված պաշտպանական տեխնոլոգիաներին, սպառազինության նորարարական մշակումներին եւ ռազմական տեխնիկային: