Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրող կողմը չի բողոքարկել առկա դատական ակտը, իսկ դա վկայում է, որ մեղադրող կողմը համաձայն է առաջին ատյանի դատարանի որոշմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նշենք, որ նա Գյումրի է այցելել ներկայացնելու մարզի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանին, ինչպես նաեւ աշխատանքային խորհրդակցություն ունենալ Շիրակի մարզի իրավապահ մարմինների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ:

Անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործին, եւ հարցին, թե որտեղ է պատիժը կրելու Վալերի Պերմյակովը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Քանի որ դա մի քանի եթե-ներ է պարունակում, հետեւաբար, հիմա ժամանակի վատնում կլինի այդ եթե-ների մասին խոսելը: Կհասնենք դատական ակտի ուժի մեջ մտնելու փուլին, դրանից հետո այդ եթե-ների իրավիճակն էլ կունենանք, եւ անպայման օրենքով սահմանված կարգով բոլորիդ համար շատ ընկալելի կարգով լուծումները կտեսնեք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 23-ին Շիրակի մարզի առաջին  ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին՝  Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել էր ազատազրկման 10 տարի ժամկետով: