Հայաստանյան ՏՏ ընկերությունները ԱՄՆ շուկայում տեղ զբաղեցնելու համար պետք է ներկայացուցչություն ունենան այնտեղ: Այս մասին ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում HIVE Seed Fund–ի կազմակերպած Silicon Valley UNLEASHED միջոցառմանը նշեց Google-ի ռազմավարական գործընկերության ներկայացուցիչ Փոլ Ասոյանը իր՝ «Ինչպես գրավել առաջին բիզնես-հաճախորդին» թեմայով ելույթի ժամանակ:
«B2B մոդելով հայաստանյան ընկերությունները երբեք չեն կարող գրավել ԱՄՆ տեխնոշուկան, քանի դեռ ԱՄՆ-ում չունեն գոնե C-մակարդակի (ղեկավար մարմնի) ներկայություն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պարտադիր չէ ԱՄՆ տեղափոխել ողջ տեխնիկական թիմը կամ բիզնեսը, սակայն պոտենցիալ հաճախորդների հետ կապ հաստատելու և վստահություն ձեռք բերելու համար վերընշված պայմանը պարտադիր է:
Նա նշեց, որ Հայաստանը պետք է փորձի դառնալ ՏՏ ինտելեկտուալ արտադրանքի հզոր կենտրոն: Ըստ Ասոյանի՝ դրա համար Հայաստանում կան նախադրյալներ, քանի որ հատկապես ճշգրիտ գիտությունների հայաստանյան մասնագետներն ու դպրոցը աշխարհում լավ համբավ են վայելում:
Նշենք, որ հոկտեմբերի 15–ին HIVE հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կայացել է Silicon Valley UNLEASHED: Inside Tech’s Greatest Minds միջոցառումը, որն Երևան էր բերել Սիլիկոնյան հովտի առաջատար ինժեներների եւ առաջատար բիզնեսների ներկայացուցիչներին:
Միջոցառման շրջանակում ելույթ ունեցան Uber-ի ինժեներական բաժնի տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Twitter-ի՝ ինժեներական բաժնի նախկին տնօրեն Դեյվիդ Լոֆթեսնեսը , Google –ից՝ Փոլ Ասոյանը և այլք:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























