Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն հանուն ապագայի» ֆորումի երկրորդ օրը նշանավորվեց, առնվազն հայ հասարակության համար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ելույթներով, ովքեր գործնականում առաջարկեցին Հայաստանին հեռացնել Եվրոպայի Խորհրդից ժողովրդավարության ցածր մակարդակի համար:
Նման պահանջը շատ խիստ թվաց եվրոպական պատվիրակությունների անդամներին, որոնցից ոմանք հայտարարեցին, թե նման միջոցներն անթույլատրելի են Եվրոպայի Խորհրդի համար: Նրանք հիշեցրել են Եվրոպայի Խորհրդից հեռացման երկու դեպք՝ Թուրքիան եւ Հունաստանը, որոնք ռազմական գործողություններ էին ծավալել: Եվրոպացի պատվիրակների կարծիքով, մանդատից զրկելը իրավիճակից ելք չէ եւ չի նպաստում ժողովրդավարության զարգացմանը, քանի որ այդ դեպքում միջազգային կառույցները կորցնում են վերահսկողությունը:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում շեշտը դրել է վերահսկողության ուժեղացման վրա: Ըստ նրա ներկայումս ԵԽ-ին հաշվետու են միայն զարգացող երկրները, իսկ զարգացած երկրների անդամակցությունը միան ձեւական բնույթ է կրում:




























