Անցած տասը տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում չպայթած ականներից եւ այլ զինամթերքից մաքրվել է մոտ 4000 հա տարածք: Այդ մասին նախօրեին հայտարարել է բրիտանական The HALO Trust կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Ռոլի Քլարքը՝ ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ մամուլի ծառայությունից, Քլարքը հանդիպմանը նշել է, թե ականազերծման կարիք ունի դեռ 1000 հա տարածություն:

Ծրագրի ղեկավարը ներկայացրել է կազմակերպության ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը, միաժամանակ նաեւ փաստել, որ խնդիրներ կան ֆինանսավորման հետ կապված: Նա նշել է նաեւ, որ նվազել են ականների վրա քաղաքացիների պայթելու դեպքերը:

ԼՂՀ ԱԺ նախագահը կարեւորել է  The HALO Trust-ի դերը երկրի բնակչության անվտանգության ապահովման գործում՝ նշելով, որ կանեն ամեն ինչ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:

Բրիտանական The HALO Trust կազմակերպությունը Ղարաբաղում ականզերծման աշխատանքներով զբաղվում է 2000 թվականից: