Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության» ֆորումի պատվիրակները արդեն իսկ հասցրել են ճիշտ կարծիք կազմել Հայաստանի մասին եւ մասնավոր զրույցներում իրենց անհանգստությունն են հայտնել երկրում առկա իրավիճակի վերաբերյալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Իմ հետ զրուցում պատվիրակներից շատերը հայտարարեցին, որ Հայաստանում վիճակը ճգնաժամային է»,- հավաստիացրեց Փոստանջյանը: Նա նաեւ քննադատեց ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտին, ով չի ցանկացել շփվել լրագրողների հետ` ասելով, որ ինքը Հայաստան է եկել որպես ֆրումի զեկուցող: «Եթե նա իրոք Հայաստան է եկել որպես զեկուցող, ապա ինչո?ւ է որպես ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող հանդիպումներ ունեցել ընդդիմության եւ իշխանությունների հետ»,- հայտարարեց Փոստանջյանը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ժողովրդավարության հաստատման հարցերում եվրոպական կառույցները ոչ ճիշտ ռազմավարություն են իրականացնում:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ հայտարարեց, որ նմանօրինակ ֆորումներն օգնում են հայտնաբերել ժողովրդավարության ճանապարհին եղած բազմաթիվ խնդիրները եւ վտանգները: «Չարժի սպասել, որ ամեն ֆորումի անցկացումից անմիջապես հետո բոլոր խնդիրները կլուծվեն: Դրա համար ժամանակ է անհրաժեշտ»,- ամփոփեց նա:





























