Հայաստանն ու Իրանը առավել հաճախակի կդարձնեն ռազմաքաղաքական շփումները: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի հանդիպմանժամանակ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է ռազմաքաղաքական շփումները հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: Իրանական կողմը Վիգեն Սարգսյանին է փոխանցել ԻԻՀ ՊՆ եւ ԶՈՒ աջակցման նախարար, բրիգագի գեներալ Հոսեյն Դեհղանի շնորհավորական նամակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նույն օրը կայացել է նաեւ ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը եւ համապատասխան ոլորտների մասնագետներ: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են թիկունքային, կրթական եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակման եւ շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:




























