Իրանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են ՀՀ-ի հետ գյուղատնտեսության տարբեր ճյուղերում փոխգործակցության համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Հանդիպման սկզբում  դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերություններն  ագրարային բնագավառում ավելի կընդլայնվեն:

«Հայաստանի համար Իրանը հանդես է գալիս որպես տարածաշրջանում կարեւոր նշանակություն ունեցող երկիր, որի հետ գյուղատնտեսության ոլորտում կարելի է իրականացնել փոխշահավետ ծրագրեր, եւ չնայած այսօր իսկ մեր երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են, սակայն հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններն ավելի սերտացնելու ուղղությամբ», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նաեւ հավելել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել իրանական կողմի ներկայացրած յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է առեւտրատնտեսական համագործակցության մեծ ներուժ, եւ այդ ուղղությամբ երկու երկրների միջեւ կապերը խթանելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ:  

Նա նշել է, որ Իրանի բնակլիմայական պայմանները նպաստավոր նախադրյալներ են ստեղծում Հայաստանի հետ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում փոխգործակցության համար, մասնավորապես,  սերմնաբուծության, անասնաբուծության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ծաղկաբուծության, վերամշակման եւ ձկնաբուծության ճյուղերում` առանձնահատուկ կարեւորելով ծովախեցգետնի արտադրությունը: Միաժամանակ Իրանի դեսպանն ընդգծել է, որ վերոնշյալ ուղղություններով հաջող եւ արդյունավետ համագործակցության կազմակերպման դեպքում պատրաստի արտադրանքը հնարավոր կլինի նաեւ արտահանել:

Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով դեսպանն առաջարկել է կազմակերպել գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսներ` երկու երկրների գործարարների մասնակցությամբ:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հրավիրել է նախարար Իգնատի Առաքելյանին այցելել Իրան` երկրի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հավաստիացրել է հյուրին, որ մանրամասն կուսումնասիրի հնչեցված առաջարկներն ու պատրաստակամություն հայտնել միջոցներ ձեռնարկել երկկողմ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: