Հայաստանի ԱԳՆ-ն նպատակահարմար չի գտնում  Հայաստանի Խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, քանի դեռ բանակցություններ են տարվում ներկայիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ քանի դեռ հեռանկարներ կան հակամարտությունն այդ տարբերակով լուծելու: Հոկտեմբերի 20-ին այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանը չի բացառում  այլ տարբերակների քննարկումը, եթե ներկայիս ձեւաչափում հակամարտության կարգավորման ուղիները իրենց սպառեն:

Էդվարդ Նալբանդյանը դարձյալ կրկնել է, որ ղարբաղյան հակամարտության կարգավորումն իրականացվում է միջազգային կարեւոր երեք սկզբունքների հիման վրա`  ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում: Բացի այդ,  նրա  խոսքով, բանակցությունների հիմքում ընկած են նաեւ վեց տարրեր:

Նալբանդյանը նշել է, որ բոլոր 3 սկզբունքներն ու 6 տարրերը 2007 թվականի մադրիդյան սկզբունքների հիմքն են կազմում: Այնուհետեւ այս տարի Սանկտ-Պետերբուրգում կողմերին ներակայցվել է Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը: Նախարարի խոսքով, հայկական կողմը երկու փաստաթուղթն էլ ընդունել է որպես բանակցությունների հիմք:  Ընդ որում, Նալբանդյանի համոզմամբ, Ադրբեջանը հայտարարել է, որ բանակցությունների հիմք նա ընդունում է սկզբունքների միայն մի տարբերակը, այն էլ որոշակի վերապահումներով: