Այսօր` հոկտեմբերի 20-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է ուղարկել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին եւ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային, կոչ անելով միջոցներ ձեռք առնել հայի եւ ադրբեջանցների դիակների վերադարձման համար:
Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
«Կոչ պաշտոնակիցներին
Հարգելի պաշտոնակիցներ,
Հաշվի առնելով, որ մարդու իրավունքները եւ հումանիզմը պետք է վեր լինեն ցանկացած այլ նկատառումներից, կարծում եմ, որ ճիշտ կլիներ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի իշխանությունները փոխադարձ հանդուրժողականություն ցուցաբերեին եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեին հայի եւ ադրբեջանցների դիակների վերադարձման համար:
Կոչ եմ անում եւ հորդորում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին միջնորդել ԼՂ իշխանություններին վերադարձնել ադրբեջանցի Ֆարիդ Ահմեդովի եւ Մուբարիզ Իբրահիմովի դիակները:
Միաժամանակ կոչ եմ անում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային մարդասիրություն ցուցաբերել եւ պահանջել իրավասու մարմիններից միջազգային փորձագետներին թույլ տալ ուսումնասիրել ՀՀ քաղաքացու գերեվարման հանգամանքներն ու մահվան պատճառները: Կոչ եմ անում նաեւ միջոցներ ձեռնարկել Մանվել Սարիբեկյանի դիակը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու գործում:
Ես` որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացների պատշաճ իրականցմանը»:





























