Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտի կարիքների համար 2011թվականի պետբյուջեով նախատեսված է 9,4 մլրդ դրամ (մոտ 25 մլն դոլար), ինչը 696 մլն-ով ավելին է, քան 2010-ին:
Այդ գումարից 6,5 միլիարդն (18 մլն դոլար) ուղղվելու է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ծախսերին:
Այդ հոդվածի ֆինանսավորումը 2010-ի համեմատ աճել է 274 մլն դրամով: Եվս 71 մլն դրամով աճել է ռազմական ատաշեների ֆինանսավորումը: 163 միլիոնով աճել է նախարարության աշխատակազմի ֆինանսավորումը: Արարողակարգի ծառայության կարիքների համար կօգտագործվի 152 մլն դրամ, 1 մլրդ 162 մլն դրամ կծախսվի միջազգային կառույցներին հայաստանի անդամավճարը մուծելու համար միայն ԱԳՆ-ի գծով: Եւս 27 մլն դրամ՝ Ազգային ժողովի գծով, 29,8 մլն դրամ՝ Աշխատանքի եւ եւ սոցիալական ապահովության գծով՝ անդամավճարների մարման համար: 27 մլն դրամ (մոտ 74 հազար դոլար) կծախսվի քարոզչական աշխատանքների համար, ինչն, ըստ նախարար Էդվարդ Նալբանդյանի, մեծ ձեռքբերում է:
Հարցին, նախատեսվո՞ւմ է, արդյոք, Հայաստանի հյուպատոսության բացում Ջավախքում եւ Սիբիրում, նախարարն ընդգծել է, թե Ջավախքում նման բան չի նախատեսվում, բայց եթե նպատակահարմար լինի, այդ հարցը կվերանայվի: Նա նշել է, որ 2011թ. բյուջեի նախագծով ֆինանսավորվելու են Ջավախքի դպրոցները:





























