Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ ենթադրող Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Այդ փոփոխություններով նախատեսվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել։
Սակայն սրանից առաջ ՀՀ կառավարությունը խոստացել էր «Լեզվի մասին» օրենքը թողնել անփոփոխ՝ համապատասխան փոփոխություններ մտցնելով միայն «Հանրակրթության մասին» օրենքում։ Բայց ինչպես այսօր` հոկտեմբերի 20-ին, ԱԺ նիստում բացատրեց ՀՀ կրթության եռւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այդ դեպքում «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում հակասություններ կառաջանան։ Այդ իսկ պատճառով Կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ կատարել նաեւ «Լեզվի մասին» օրենքում։
Նշենք, որ օրենքով նախատեսված է Հայաստանում 11 օտարալեզու դպրոց ստեղծել, որոնց թվում երկու մասնավոր դպրոց է հիմնվելու Դիլիջանում եւ Ջերմուկում, որտեղ սովորելը կարժենա տարեկան մոտ 20 հազար դոլար: Հիշյալ դպրոցներում օտար լեզվով բազային կրթության անցումը նախատեսված է իրականացնել 7-րդ դասարանից: Մնացած 9 դպրոցները կբացվեն միջպետական համաձայնագրերի հիման վրա, որոնցում օտար լեզվով կրթությունը կիրականացվի սկսած 9-րդ դասարանից:





























