Թուրքիայում PKK-ի գաղտնի քաղաքացիական կառույց համարվող «Քուրդիստանի հասարակությունների միության» դեմ սկսված դատական գործընթացի հենց սկսզբում Դիարբեքիրի դատարանը մերժել էր մեղադրվող քուրդ քաղաքական գործիչներին իրենց պաշտպանությունն իրականացնել քրդերենով: Այդ արգելքը դատարանի դեմ դատական հայց ներկայացնելու առիթ է դարձել։
Fırat գործակալության փոխանցմամբ՝ քուրդ գործիչների իրավաբանները հայտարարել են, թե թուրքական դատարանը խախտել է Թուրքիայի Սահմանադրության 90-րդ հոդվածը, ըստ որի, Թուրքիայի քաղաքացիները դատարաններում կարող են իրենց պաշտպանությունն իրականացնել մայրենի լեզվով։
Իրավաբաններն այս հայտարարությունից հետո, թուրքական դատարանի դեմ հայցը հանձնել են արդարադատության նախարարության քրեական գործերով գլխավոր վարչություն։
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին սկսվել է մոտ 150 քուրդ քաղաքական գործիչների դեմ սկսված դատավարությունը, ովքեր մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի հետ կապեր ունենալու եւ նրա օգտին քարոզչություն անելու մեջ։ Ամբաստանյալների մեծ մասը անդամակցում են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը։ Նրանց մեջ են ներկա եւ նախկին բազմաթիվ քուրդ քաղաքապետեր։





























