«Պատանի լրագրողների» դպրոցում հոկտեմբերի 19-ին դանակահարված Լեւոն Սահակյանը քիչ առաջ «Արմենիա» ԲԿ-ում մահացել է: NEWS.am-ի տեղեկությունը հաստատեցին հիվանդանոցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել է Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախնական տվյալներով երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում, եւ դեպքի վայր է հանդիսանում «Պատանի լրագրողների» դպրոցը։ Կատարված զննությամբ նշված հասցեի բակում եւ դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։
Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, եւ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վահան Ղազարյանը։


























