2011 թվականի պետական բյուջեն գոյատեւման բյուջե է, բայց ոչ թե երկրի, այլ կառավարության գոյատեւման` ընդ որում, հոգնած կառավարության: Այսօր` հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատականով հանդես եկավ Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ընդգծելով. «Այս կառավարությունն անգամ չի ուզում աշխատել: Ոչ մի որակ, ոչ մի նախաձեռնություն հանդես չի բերում: Այս տիպի կառավարությունները ստեղծվում են յոլա տանելու, ոչ թե լուրջ խնդիրներ իրականացնելու համար: Դրա համար էլ նրանց ներկայացրած բյուջեի մեծ տպավորություն չթողեց: Այս բյուջեով առկա խնդիրներից շատ քչերն են լուծվելու: Ճիշտ հակառակը, նրանք ովքեր չեն կարողանալու համակերպվել, իրենց բախտը կորոնեն այլ տեղերում»:
«2009-ի արդյունքներով մենք արդեն էապես զիջում էինք մեր հարեւան Ադրբեջանին: Իսկ այս տարի մեզանից առաջ կանցնի նաեւ Վրաստանն իր աճի տեմպերով, որը հաջողություններ է գրանցում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունում»,- ընդգծեց նա, հավելելով, որ նոր բյուջեն եկամտային մասով ենթադրում է եկամուտների հավաքման նվազեցում:
Անդրադառնալով Կառավարության ծրագրի գերակայություններին, Բ. Ասատրյանը նշեց, որ 2011-ին ազգային անվտանգության եւ ակտիվ տնտեսական քաղաքականություն առումով որեւէ լուրջ քայլ չի նախատեսվում, այլ միայն նախկինում եղած լավ թե վատ միտումները առաջ տանելու քաղաքականություն է վարում:
ԿԲ նախկին ղեկավարը նկատեց նաեւ, որ 2011-ի բյուջեով կրթության ոլորտի ծախսերը կրճատվում են 14,5 տոկոսով, ինչը նշանակում է, որ այդ ոլորտում եւս որեւէ դրական փոփոխություն սպասել հնարավոր չէ: Ըստ նրա, նոր բյուջեով լուծված չէ նաեւ տարածքային համաչափ զարգացման խնդիրը: «Որքան հիշում եմ, այս խնդիրը դրված է եղել եւ առ այսօր լուծված չէ: Իսկ վերջին տարիներին, անգամ սուր դրսեւորումներ է ստացել:
Պաշտոնական տվյալներով, Երեւանում կենտրոնացած է բնակչության 35 տոկոսից ավելին, ֆիանանսական պոտենցիալի 95 տոկոսը, գիտական պոտենցիալի 85 տոկոսը եւ այլն: Ես փորձում եմ բյուջեում տեսնել, թե ինչ լուծումներ են տրվում, բայց չեմ գտնում»,- ասաց Ասատրյանը:
Նա արդրադարձավ նաեւ քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությանը, նշելով. «Առաջին հայացքից բյուջեի նախագծող սոցիալական ծախսերի 7,7 տոկոսով աճ է նախատեսվում, բայց ուզում եմ հիշեցնել, որ սպասվող գնաճը այս պահին 7,8 տոկոս է: Այսինքն թոշակառուները 0,1 տոկոսով ավելի վատ են ապրելու առնվազն»:




























