Այն 1,5 միլիարդ դոլարի արտաքին պարտքը, որն անցած տարիներին վերցրեց կառավարությունը, մեզ պետք չէր: Այս մասին հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ-ի անդամ Բագրատ Ասատրյանն ու հավելեց. «Հիմա բոլորս պետք է վճարենք դրա համար: Երբեւիցե, որեւէ իշխանություն չպետք է գնա նման փոխառությունների: Հենց դա է պատճառը, որ այս տարվա բյուջեով արտաքին պարտքի սպասարկմանը հատկացվող գումարը նախորդ տարվա համեմատ աճելու է 80 տոկոսով»:
Հարցին, թե ի՞նչ տնտեսական քաղաքականություն կորդեգրեիք ճգնաժամի պայմաններում, եթե դուք լինեիք կառավարության ղեկին, Բ. Ասատրյանը պատասխանեց. «ՀԱԿ-ի առաջարկների մեծ մասը վերաբերում էր հարկմանը: Պետք է հարկվեին բոլորը, գույքահարկի շեշտակի ավելացում պետք է լիներ: Եկամտահարկի կիրառման որոշակի սկզբունքներ պետք է կիրառվեին: Այսօր եկամտահարկ վճարում են հիմնականում պետծառայողները եւ մի շարք նեղ ոլորտների ներկայացուցիչներ:
Մենք ունենք խնդիրներ, բայց որեւէ խնդրի կարգավորումը ենթադրում է բյուջեով կոնկրետ վերաբերմունք, ինչը չկա: Այս տարի մոտ 42 տոկոսով կրճատվում են գյուղատնտեսությանը տրվող գումարները: Սրանով կարո՞ղ են գյուղի խնդիրները լուծել»:
Նրա խոսքով, պետությունը պետք է վերականգնի ենթակառուցվածքները, ճանապարհները: «Ամեն տարի գոնե մի 300 կմ ճանապարհ պետք է կառուցել:
Ցավոք, գյուղատնտեսությունն այսօր ավելի շատ կախված է Աստծուց, քան որեւէ ծրագրից: Հանգամանքները շատ տխուր եղան, եւ դրա պտուղները մենք ենք քաղելու»,- ընդգծեց Բ. Ասատրյանը:




























