Հոկտեմբերի 21-ին Երեւանում իր աշխատանքներն է ավարտել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումը, որի փակմանը ելույթներով հանդես են եկել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը եւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա իր խոսքում մասնավորապես, ասել է.

«Միամիտ կլիներ ենթադրել, որ երեւանյան ֆորումի անցած երեք օրերի ընթացքում կարող էինք պատասխաններ գտնել բոլոր հարցերին եւ լուծումներ` բոլոր խնդիրներին: Այս գործընթացի արժեքը կայանում է նրանում, որ ժողովրդավարության խնդիրների շուրջ քննարկումները կրեն շարունակական բնույթ եւ զերծ մնան կարծրատիպային մտածելակերպից: Մեր համատեղ ջանքերից է կախված, թե որչափ արդյունավետ է Եվրոպայի խորհուրդը ծառայելու որպես կարեւոր քաղաքական հարթակ համաեվրոպական բովանդակալից բանավեճերի եւ Եվրոպայի միասնությունը խթանող հավաքական ջանքերի համար:

Այս Ֆորումին մասնակցելու համար դուք եկել եք Հայաստան` Եվրոպայի մի մաս, ուր մեր ժողովուրդը այդ նույն քաղաքակրթական արժեքների համար պայքարել է դարեր շարունակ: Որքան որ հին է այս մայրցամաքը, նույնքան եւ հին են Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը Եվրոպայի հետ: Դրանք ձգվում են դեպի դարերի խորքը, դեպի այն ժամանակները, երբ մեր ժողովրդի լուսավոր զավակներն իրենց մասնակցությունն էին բերում այն արժեհամակարգի ձեւավորմանը, որն այսօր անվանում են եվրոպական արժեքներ: Այս իմաստով, Հայաստանի մերձեցումը եվրոպական ընտանիքին ընթանում է բնական կերպով, որովհետեւ մեր ժողովրդի մշակութային, դավանաբանական, լեզվական ու աշխարհընկալման առումներով սա վերադարձ չէ. խորքային արժեքային համակարգի տեսանկյունից մենք մնացել ենք նույն տեղում` հավատարիմ այն ակունքներին, որոնք նաեւ Եվրոպայինն են:

Հայաստանում շուտով նշելու ենք անկախության 20-ամյակը: Հայաստանի, ինչպես եւ ամբողջ Եվրոպայի համար անցած քսան տարիները էական վերափոխումների ժամանակաշրջան էր, որը մենք փորձեցինք անցնել ձեռք-ձեռքի տված:

Ժողովրդավարությունը կենդանի օրգանիզմ է` ազգային, տարածաշրջանային եւ համընդհանուր յուրահատկություններով, որը ձեւավորվում եւ շարունակաբար զարգանում է: Կարող ենք համամիտ լինել այն մտքին, որ ժողովրդավարությունը պետք է լինի շարունակական, այլապես այն կդադարի ժողովրդավարություն լինելուց»:

Իր հերթին ԵԽ նախագահ Թորբյորն Յագլանդը նշել է, որ ժողովրդավարությունը դա ռազայական, ազգային, կրոնական հանդուրժողականություն է: «Սակայն աշխարհում մի երկրից գնում է գլոբալիզացիայի, մյուսից` էթնոսացիայի գործընթաց: Հենց դա էլ հիմնական մարտահրավերն է ժամանակակից աշխարհում ժողովրդավարական գործընթացներին»,- հայտարարել է Յագլանդը: