Հայաստանի կառավարությունն այսօր` հոկտեմբերի 21-ին որոշում է ընդունել Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
Որոշումը բացատրվել է այն հանգամանքով, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին ամբողջությամբ վերականգնվել եւ օգտագործվում է պատմականորեն ձեւավորված իր նախնական նշանակությանը համապատասխան` պաշտամունքային նպատակով:
Բացի այդ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին մինչեւ 2013 թ. նոյեմբերի 1-ը պետք է մշակի Սուրբ Աստվածածին եկեղեցին սկզբնական նշանակությամբ օգտագործելու նպատակով այն վերականգնելու, դրան հարակից հուշարձանի պահպանված հատվածներն ամրակայելու եւ տարածքը բարեկարգելու աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաեւ իրականացնի վերականգնման, ամրակայման եւ տարածքի բարեկարգման անհրաժեշտ աշխատանքներ:




























