Գրող-հրապարակախոս, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը, ով անժամկետ հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ կառուցվող դելֆինարիումի, իրեն վատ է զգում: Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հենց ինքը`Վահրամ Թաթիկյանը.

«Սա իմ առաջին հացադուլն ու անքուն գիշերները չեն, սակայն  այլեւս այն չեմ: Եթե առաջ ինձ մենակ էի զգում, հիմա երիտասարդներն, ովքեր իրոք պատրաստվում են դառնալ այս քաղաքի տերը, ինձ ահավոր ուժ են տալիս»,-ասաց մտավորականը` հավելելով, որ առայժմ դիմանում է:

Թաթիկյանը, ով պահանջում էր ապամոնտաժել հայոց մեծերի հուղարկատեղին պղծող դելֆինարիումը, առաջարկում է այն ամբողջությամբ ապամոնտաժելու փոխարեն վերածել մատուռ եկեղեցու:

«Մեր ճարտարապետներն այնքան  տաղանադավոր են, որ կկարողանան վերաձեւել դելֆիանրիումը մատուռի եւ այն մարդը, ով կառուցում է դելֆինարիումը, կկարողանա մխիրթարվել, որ բիզնեսը տապալվելու փոխարեն եկեղեցի է կառուցվել»,-նշեց հրապարակախոսը:

Նա նաեւ հավելեց, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ դելֆինարիումը չի ապամոնտաժվել եւ այգու վերանորոգման աշխատանքները չեն ավարտվել: