Ադրբեջանի ազգային հեռուստաալիքները, այդ թվում՝ Aztv պետական ալիքն ու Հանրային հեռուստատեսությունը լուսաբանում են հիմնականում իշխանությունների գործունեությունը եւ հազվադեպ են եթեր տալիս ընդդիմությանը: Թեեւ երկրում կան մի քանի հեռուստաալիքներ, որոնք ընդգրկում են Ադրբեջանի ողջ տարածքը, քաղաքացիներին անհասանելի են կամ սահմանափակ հասանելի են տարբեր քաղաքական հայացքները: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաջին միջանկյալ զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշել են, որ ի տարբերություն հեռուստաալիքների, քարոզարշավը թերթերում ավելի բազմազան է ներկայացվում:

ԺՀՄԻԳ-ը նշել է, թե տեղական իշխանությունները խոչընդոտներ են հարուցում ընդդիմադիր թեկնածուների, նրանց լիազոր ներկայացուցիչների համար:

Որպես դրական առաջընթաց նշվել է ընտրական հանձնաժողովների համար անցկացված վարժանքները:

Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին: Սկսած 2005-ից ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով: