2011-ի բյուջեի նախագծով Հայաստանի ոստիկանությանը հատկացվելու է 24 մլրդ 606 մլն դրամ, ինչը 1 միլիարդով ավելի է, քան 2010-ին Այդ միջոցներից 23,6 միլիարդն ուղղվելու է հասարակական կարգի պահպանմանը: Նոր անձնագրերի տպագրման համար օգտագործվելու է 173 մլն դրամ, իսկ մեքենաների համար նոր պետհամանիշների ձեռքբերման համար՝ 236 մլն դրամ: Ի դեպ, յուրաքանչյուր պետհամարանիշը պետության վրա նստում է 3,5 հազար դրամ: Սոցիալական ծախսերին կուղղվի 591 մլն դրամ: Եւս 500 մլն դրամ կուղղվի ոստիկանների կրթական ծախսերին:

Սակայն 2011թ. հայ ոստիկաններն առանձնապես ուրախանալու բան չեն ունենա, քանի որ նրանց աշխատավարձը կմնա նույն մակարդակի վրա, այսինքն սպաների միջին աշխատավարձը կլինի 135 հազար, շարքային ոստիկաններինը՝ 57 հազար դրամ:

Ինչպես բյուջետային քննարկումների ժամանակ նշել է փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը, տնտեսման խիստ ռեժիմի պահպանման պայմաններում հնարավոր կլինի շարունակել ոստիկանության բնականոն գործունեությունը 2011 թվականի բյուջետային ֆինանսավորման պայմաններում: