Մոսկվայի իշխանությունների կողմից երեք անգամ ցրված գեյ-հավաքների կազմակերպիչները Մարդու իրավունքների դատարանում շահել են Ռուսաստանի դեմ գործը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ռուսաստանյան գեյ-շարժման առաջնորդ Նիկոլայ Ալեքսեեւին։
Համաձայն աղբյուրի՝ Եվրոպական դատարանը անօրինական է ճանաչել գեյ-հավաքներ անցկացնելու վերաբերյալ մայրաքաղաքային իշխանությունների մերժումները եւ պարտավորեցրել Ռուսաստանին 17 հազար եվրո վճարել` իրավաբանական ծախսերի համար եւ 12 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Ռուսաստանցի գեյերի առաջնորդի խոսքով, կայացված որոշումը պատմական է, եւ Մոսկվայի իշխանություններն այսուհետ պետք է վերանայեն հրապարակային միջոցառումների վերաբերյալ իրենց սկզբունքները։
Ռուսաստանյան գեյ-շարժման առաջնորդ Նիկոլայ Ալեքսեեւը հայտնել է նաեւ, որ մոտ ժամանակներս ինքը մտադիր է քրեական պատասխանատվության կանչել նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին։





























