Մոսկվայում անցկացվող «Մարդու իրավունքերի եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի արդյունքները եւ հեռանկարները» խորագրով գիտաժողովի ժամանակ մի շարք փաստաբաններ, իրավապաշտպաններ եւ հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ բարձրացրել են Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում կովկասցիների իրավունքների պաշտպանության հարցը, ովքեր մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գտնվում են ամենախոցելի խմբում:
«Կավկազսկի ուզել» ինտերնետային կայքի հաղորդմամբ, միջոցառման մասնակիցները նշել են, որ կովկասցիների իրավունքները ոտնահարվում են եւ որ նրանք ամենախոցելի խումբն են, որոնց իրավապահ մարմիների աշխատակիցները ընկալում են միայն որպես փող աշխատելու միջոց:
Միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Աշոտ Հայրապետյանի խոսքով, Ռուսաստանի ազգային փոքրամասնությունները հնարավորություն ունեն կաշառք տալ եւ այդպիսով լուծել բազմաթիվ խնդիրներ:
«Մեր քաղաքացիներից շատերը դատարան են դիմում միայն այն դեպքում, երբ ոտնահարվում են իրենց իրավունքները: Միգրանտները չեն դիմում ընդհանրապես` այն քիչ արդյունավետ համարելով: Այդ պատճառով ազգային փոքրամասնություններն ավելի նախընտրում են կաշառք տալ, քան արդար դատավարության սպասել»,-նշել է նա:





























