Հայաստանի պաշտպանական ոլորտին 2011-ին բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 139 մլրդ դրամ (386 մլն դոլար), ինչը 4,49 մլրդ-ով (12,3 մլն դոլար) ավելի է, քան 2010-ին: Այդ միջոցներից 134,4 մլրդ-ը (373 մլն դոլար) ուղղվելու է ռազմական կարիքներին, 4,4 մլրդ դրամը՝ այլ ծախսերին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իհարկե, պաշտպանության ոլորտը միշտ ավելի մեծ ֆինանսավորման կարիք ունի, քան նշված է բյուջեում: Սակայն, ըստ նրա, շնորհիվ բանակի եւ հանրապետության ղեկավարության աշխատանքի, միշտ հաջողվում է պաշտպանական ոլորտի համար արտաբյուջետային միջոցներ գտնել Հայաստանի գործընկեր պետությունների աջակցությամբ: Օհանյանը նկատել է, որ պաշտպանության եւ ֆինանսների նախարարությունների աշխատանքի արդյունքում հաջողվել է 2011թ. բյուջեից առավելագույնը քաղել պաշտպանական ոլորտի ֆինանսավորման համար: Նա նշել է, որ ռազմական բյուջեի միջոցների մի մասն ուղղվելու է զինվորականների աշխատավարձերը 10 տոկոսով ավելացնելուն: Մեծ միջոցներ են ուղղվելու նաեւ բանակի տեխնիկական սպառազինմանը:
Նախարարը նաեւ կոչ է արել չհամեմատել Հայաստանի ռազմական բյուջեն հարեւան երկրների, մասնավորապես Ադրբեջանի ռազմական բյուջեի հետ, քանի որ բյուջետային ֆինանսավորման տարբերությունը կարելի է փոխհատուցել արդյունավետ աշխատանքով եւ միջոցների նպատակային ծախսմամբ:




























