Կուբացի այլախոհ Գիլյերմո Ֆարինյասը դարձել է Եվրախորհրդարանի հաստատած՝ Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակի դափնեկիր:
Մրցանակի հանձնման արարողությունը կայանալու է դեկտեմբերի 15-ին Ստրասբուրգում: Այլախոհին հանձնվելու է նաեւ 50 հազար եվրո գումար:
Մրցանակին հավակնում էին նաեւ իսրայելական Breaking the Silence իրավապաշտպան կազմակերպությունն ու ընդդիմադիր եթովպացի գործիչ Բիրտուկան Միդեկշան:
48-ամյա Ֆարինյասը Կուբայում 11,5 տարի անցկացրել է բանտում: Նա բազմիցս հացադուլներ է հայտարարել՝ բողոքելով մարդու իրավունքների խախտումների դեմ:
2010թ. ամռանը նրա հացադուլից հետո Կուբայի իշխանությունները համաձայնեցին ազատ արձակել մի քանի տասնյակ քաղբանտարկյալների: Այդ ակցիան այնքանով էր ուշագրավ, որ Ֆարինյասն ինքն ազատության մեջ է:



























