Հոկտեմբերի 21-ին ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը Ազգային ժողովում հանդիպել են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նաիրա Զոհրաբյանը պարոն Յագլանդի խնդրանքով ներկայացրել է ԵԽԽՎ վերջին բանաձեւերում առկա մտահոգություններին ընդառաջ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը` նշելով այն ոլորտները, որտեղ բարեփոխումներ են իրականացվում: ԵԽ Գլխավոր քարտուղարը կարծիք է հայտնել, որ ճիշտ է Հայաստանի ընտրած բարեփոխումների ուղին, բայց որոշ բարեփոխումների տեմպերը բավարար չեն:
Զոհրաբյանը համաձայնելով պարոն Յագլանդի դիտարկմանը, նշել է այն ոլորտները, որտեղ նախաձեռնված են խորքային բարեփոխումներ: Նա նշել է, որ Հայաստանի ապագան ամուր եւ ժողովրդավար պետություն կառուցելն է եւ նաեւ ԵԽ աջակցությամբ մեր երկիրը հույս ունի իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որոնք արձանագրված են ԵԽԽՎ վերջին զեկույցներում:
ԵԽ Գլխավոր քարտուղարին հետաքրքրում էր կարեւորագույն երկու խնդիր` քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց եւ մամուլի ազատության խնդիրները: ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը համապարփակ տեղեկատվություն է տրամադրել այդ խնդիրների վերաբերյալ` հատկապես անդրադառնալով «Ա1+»-ի խնդրին: Կողմերը հույս են հայտնել, որ դեկտեմբերին կայանալիք մրցույթին կհաղթեն իրապես արժանավորները:
ԵԽ Գլխավոր քարտուղարին հետաքրքրում էր նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Ն. Զոհրաբյանը նշել է, որ այն պահին, երբ Թուրքիայում կլինի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առանց որեւէ նախապայմանի շարունակելու պատրաստ քաղաքական իշխանություն, Հայաստանը պատրաստ կլինի շարունակելու այս պահին ՀՀ ԱԺ-ում առկախված արձանագրությունների վավերացման գործընթացը:




























