Մինաս Ավետիսյանի  «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարների վերականգնման երկրորդ փուլն ավարտվել է. ռեստավրացիոն երրորդ եւ վերջին շրջանը կսկսվի միայն նոյեմբերի սկզբներին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը։

Նրա խոսքով, ինչպես որմնանկարների վերականգնման առաջին եւ երկրորդ, այնպես էլ երրորդ փուլում Հայաստան կժամանի իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակուպինին։ «Նա Երեւան կժամանի նոյեմբերի առաջին օրերին։ Մասնագետն անպայման ներկա կլինի վերականգնողական աշխատանքների ավարտին, քանի որ սա ամենակարեւոր եւ պատասխանատու փուլն է։ Այս փուլում որմնանկարները պետք է վերջնականապես ամրացվեն հատուկ դրանց համար նախատեսված հիմքերի վրա եւ տեղափոխվեն կառավարության առաջին շենք՝  խորհրդակցությունների եւ նիստերի դահլիճ»,- նշեց Սոնա Հարությունյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Մշակույթի նախարարությունը եւ Կառավարությունը «բաց դռների օր» որոշելու հարցը դեռեւս չեն քննարկել։ «Նախապես որեւէ բան չեմ ուզում ասել, որովհետեւ լավ է, որ ամենը փուլ առ փուլ արվի»,- ասաց Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետը։

Նշենք, որ Գյումրու էլեկտրոտեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքի պատերին արված Մինասի վերոնշյալ երկու աշխատանքների վերականգնման համար կառավարությունը «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին շուրջ 20 մլն դրամ է հատկացրել։ Ռեստավրացիայից հետո Մինասի  «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարները կտեղափոխվեն կառավարության առաջին շենք՝  խորհրդակցությունների եւ նիստերի դահլիճ։ Մշակույթի նախարարության եւ կառավարության միջեւ ձեռք բերվելիք պայմանավորվածության համաձայն, շաբաթական մեկ անգամ «բաց դռների օր» կհայտարարվի, ինչն էլ Մինասի արվեստի սիրահարներին հնարավորություն կտա տեսնել հեղինակի գործերը։