Հայաստանում դատապարտյալների մոտ 27 տոկոսը 2009 թվականին բանտում է գտնվել գույքի հափշտակության մեղադրանքով։ Այդ մասին նշվում է Ազգային վիճակագրական ծառայության հրատարակած տեղեկատվության մեջ։ Այսպես՝ 3580 դատապարտյալներից 966-ը նստած են եղել գույքի հափշտակության համար։ Այս տեսակի հանցագործությունը 2008 թ. համեմատ փոքր-ինչ ավելացել է, սակայն 2004 թ. համեմատ՝ կտրուկ պակասել։ 2004 թ. գույքի հափշտակության մեղադրանքով դատապարտված էր 1474 մարդ։

Հանցագործություններից երկրորդ տեղում թմրանյութերի հետ կապված դեպքերն են։ 2009 թ. դատապարտված է եղել 520 մարդ։ Այս տեսակի հանցագործությունները տարեց տարի ավելանում են։ Օրինակ՝ 2004-ին թմրամիջոցների հետ կապված միայն 300 դատապարտյալ կար։

Երրորդ տեղում խուլիգաններն են՝ 353 դատապարտյալ 2009-ին։ Այստեղ վիճակագրությունն էական աճ կամ նվազում չի արձանագրում՝ մեր խուլիգանների թիվը կայուն տատանվում է 250-350-ի միջակայքում։

Դատապարտվածների ընդհանուր թվից 353-ը (կամ 10 տոկոսը) 2009 թ. եղել են կանայք, իսկ 166-ը՝ անչափահասներ (այդ թվում՝ 9 աղջիկ)։