Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարները հոկտեմբերի 21-ին շրջափակել են Մարսելի միջազգային օդանավակայանը:

Ամբողջությամբ դադարեցնել օդանավակայանի աշխտանքը ցուցարարներին չի հաջողվել, սակայն ներկայումս անհնար է մեքենայով մոտենալ օդանավակայանին: Օդային ճանապարհով Մարսելը լքել ցանկացողները ստիպված են բեռները շալակել եւ ոտքով գնալ օդանավակայան:

Անկարգությունները Ֆրանսիայում շարունակվում են արդեն մի քանի օր: Եթե սկզբում խոսքը գնում էր գործադուլի եւ բարեփոխումները չեղյալ համարելու, այսինքն կենսաթոշակային տարիքը չբարձրացնելու մասին, ապա հիմա բողոքի գործողություններին միացել է էմիգրանտական թաղամասերի երիտասարդությունը, որը ստեղծված իրավիճակն օգտագործում է իր շահերի համար:

Փարիզում, Լիոնում, Մարսելում եւ երկրի այլ քաղաքներում մեքենաներ են վառում, կոտրում խանութների ապակիները, վառվող շշեր նետում ոստիկանների ուղղությամբ: